Մայրենի

Հեղինակ՝ էրիխ ռանսպե

Կայծեր աչքերիցս

Պետերբուրգում ես շատ լավ էի ապրում։ Հաճախ որսի էի գնում և հիմա հաճությամբ հիշում եմ այն ուրախ ժամանակը, երբ ամեն օր այնքան դեպքեր էին պատահում։

Մի դեպք շատ զվարճալի էր։

Իմ ննջարանի պատուհանից երևում էր մի մեծ լիճ, որի մեջ ամեն տեսակ որս կար։

Մի անգամ առավոտյան, մոտենալով պատուհանիս, լճի մեջ վայրի բադեր նկատեցի։

Իսկույն հրացանս առա և արագ դուրս եկա տնից։

Շտապ-շտապ սանդուղքներից ցած իջնելիս գլուխս այնպես ուժեղ խփեցի դռանը, որ աչքերիցս կայծեր թափվեցին։

Բայց ես չկանգնեցի, առաջ վազեցի։ Ահա և լիճը։ Նշան բռնեցի ամենաչաղ բադերին, ուզում եմ կրակել և հանկարծ սարսափով նկատում եմ, որ հրացանս կայծքար չունի։ Իսկ առանց կայծքարի կրակել չի կարելի։

Ի՞նչ անեի։ Վազեի տուն կայծքար բերելու։

Չէ՞ որ բադերը կարող էին թռչել։

Տխուր ցած առա հրացանս՝ անիծելով իմ բախտը, և հանկարծ գլխումս մի հրաշալի միտք ծագեց։ Բռունցքովս ուժգին խփեցի աջ աչքիս, աչքիցս, իհարկե, կայծեր դուրս թռան, և վառոդն իսկույն բոցավառվեց։ Այո, վառոդը բոցավառվեց, հրացանը կրակեց, և ես մի զարկով տասը հրաշալի բադ սպանեցի։

Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, որ ամեն անգամ կրակ վառելիս՝ օգտվեք այդպիսի կայծերից։

Այստեղ Մյունխաուզենը տեսավ, որ լիճ կա, որտեղ ամեն տեսակ որս կար և հրացանը վերցրեց գնաց որսի։ Նա տեսավ մի չաղ բադ և ուզեց կրակել, բայց փամփուշը մոռացել էր տանը և մինչև գնար հասներ տուն, բադերը կփախչեն, այդ պատճառով էլ նա սկսեց մտածել։ Նրա գլխով մի միտք անցավ։ Նա խփեց բռունցքով աչքին և կայծակ դուրս եկավ աչքից և խփեց բադերին։

Հեղինակ՝ էրիխ ռանսպե

Կաքավները շամփուրի վրա

Օ՜, հնարամտությունը մեծ բան է։ Մի անգամ ինձ հաջողվեց մի զարկով յոթ կաքավ սպանել։ Դրանից հետո իմ թշնամիներն էլ չէին կարող չխոստովանել, որ ես աշխարհիս առաջին հրաձիգն եմ, որ այնպիսի հրաձիգ, որպիսին Մյունխհաուզենն է, երբեք չի եղել։

Այսպես պատահեց։

Ես վերադառնում էի որսից։ Մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։ Մեկ էլ տեսա ոտիս տակից յոթ կաքավ դուրս թռան։ Իհարկե, ես չէի կարող թույլ տալ, որ այդպիսի հրաշալի որսը ձեռքիցս պրծներ։

Հրացանս լցրի, կարծում եք ինչո՞վ, շամփուրով։ Այո, սովորական շամփուրով, այսինքն՝ երկաթե կլոր ձողով, որով հրացան են մաքրում։

Հետո վազեցի կաքավների մոտ, քը՛շ արի և հրացանն արձակեցի։

Կաքավները մեկը մյուսի հետևից թռան, և իմ շամփուրը միանգամից բոլոր յոթ կաքավների մեջ մտավ։

Բոլոր յոթ կաքավներն էլ ցած ընկան ոտքերիս մոտ։ Ես վերցրի և ապշեցի, կաքավները տապակված էին։ Այո՛, տապակված։

Ասենք ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, չէ՞ որ իմ շամփուրը կրակոցից սաստիկ տաքացել էր, և կաքավները նրա վրա շարվելով, կարող էին տապակվել։

Նստեցի խոտի վրա և հենց այնտեղ էլ մեծ ախորժակով ճաշեցի։

Մյունխաուզենը միանգամից խփեց մեկ շամփուրով յոթ կաքավին

0 comments